«Nemiroff» (ուկրաիներեն՝ «Немі́ров»), 1992 թվականին հիմնադրված ուկրաինական ընկերություն է, որը զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և վաճառքով։ Արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 80 երկրներում։ Ընկերությունը աշխարհի երեք առաջատարներից մեկն է, որը մատակարարում է օղի անմաքս առևտրի խանութներին (Duty Free)։ Ապրանքանիշը կազմում է Ուկրաինայից արտահանվող օղու ըմպելիքների 40%-ը։ Ընկերությունը Ուկրաինայից բոլոր օղու ըմպելիքների թիվ 1 արտահանողն է և մտնում է Ուկրաինայի 100 ամենախոշոր հարկատուների ցանկի մեջ։
2021 թվականին ապրանքանիշի ալկոհոլի արտադրությունն աճել է 12%-ով:
Սեփականատերեր՝ Յակով Ֆինկելշտեյն, Բելլա Ֆինկելշտեյն և Անատոլի Կիպիշ։ Գլխավոր գործադիր տնօրեն՝ Յուրի Սորոչինսկի։
2018 թվականի նոյեմբերից ապրանքանիշը UFC-ի պաշտոնական հովանավորն է
Արտադրությունն ու շշալցումը կատարվում են Վիննիցայի մարզի Նեմիրով քաղաքում գտնվող գործարանում։
Պատմություն
Ընկերությունն իր անվանումը ստացել է «Նեմիրովյան օղուց», որի մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է 1752 թվականին։
1872 թվականին կոմս Գրիգորի Ստրոգանովը Նեմիրովում բացել է թորման գործարան, իսկ նրա դուստրը՝ իշխանուհի Մարիա Շչերբատովան, շարունակել է հոր գործը։ Նա աշխատանքի վերցրել չեխ ճարտարապետ Յիժի Ստիբրալին, որը նախագծել է քաղաքում բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ նոր թորման գործարանը։ Մարիա Շչերբատովայի ղեկավարության ներքո գործարանը հասել է այն ժամանակների ռեկորդային արտադրական ծավալների՝ օրական ավելի քան 5 հազար կես լիտրանոց շիշ։ Նեմիրովի թորման գործարանն առաջինն է եղել, որ սկսել է ալկոհոլ արտադրել հացահատիկից՝ փոխարինելով կարտոֆիլային հումքը։ Արտադրանքը մատակարարվել է ամբողջ Ռուսական կայսրությունում և արտահանվել արտասահման։
1920 թվականին արտադրությունը ազգայնացվել է բոլշևիկների կողմից։
1992 թվականին Նեմիրովում «Nemiroff» ապրանքանիշի ներքո վերսկսվել է օղու արտադրությունը։ 1994 թվականին սկսվել է արտադրանքի արտահանումը։
2000 թվականից ապրանքանիշը սկսել է հովանավորել համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցամարտեր։
2009 թվականին ընկերությունը վաճառել է 8 միլիոն դեկալիտր (տասը լիտր) օղի, իսկ եկամուտը կազմել է 218 միլիոն դոլար։ Նույն թվականին ապրանքանիշի արտադրանքը հայտնվել է Լեդի Գագայի «Bad Romance» երգի տեսահոլովակում։
2010 թվականի հոկտեմբերին սկսվել է արտադրանքի շշալցումը Բելառուսում՝ «Մինսկ Կրիստալ» գործարանում։ 2016 թվականին իրականացվել է արտադրության արդիականացում՝ ISO 9001, ISO 22000, ISO 14024 սերտիֆիկատների պահանջներին համապատասխան։
2018 թվականի նոյեմբերից ընկերությունը հանդիսանում է Ultimate Fighting Championship-ի պաշտոնական հովանավոր։
2020 թվականին «Nemiroff»-ը սկսել է համագործակցել Proximo Group-ի հետ և Jose Cuervo, Bushmills, Kraken և Sexton արտադրանքը ներմուծել Ուկրաինա։
2020 թվականին «Կոկա-Կոլան» դարձել է Nemiroff օղու դիստրիբյուտորը Լեհաստանում, Իտալիայում, Ավստրիայում և Հայաստանում, իսկ 2021 թվականից՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Չեխիայում, Սլովակիայում և Մոլդովայում։
2020 թվականին՝ COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների ընթացքում, «Nemiroff»-ի վաճառքները աճել են 11,5 %-ով՝ հասնելով 4,59 մլն դեկալիտրի (ինքն ընկերությունը հայտարարել է, որ ցուցանիշը աճել է 18 %-ով՝ նախորդ տարվա համեմատ)։
2022 թվականի մարտի 1-ին ընկերությունը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել Ռուսաստանում և Բելառուսում օղու արտադրության լիցենզիան՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման պատճառով։
2022 թվականի ապրիլից «Nemiroff»-ը սկսել է մատակարարել իր արտադրանքը Բահամյան կղզիներ։ Դիստրիբյուտոր դարձել է Caribbean Wines and Spirits ընկերությունը։
Մրցանակներ
- 2006 թվականին «Nemiroff»-ը ճանաչվել է որպես աշխարհի թիվ 2 օղու ապրանքանիշ՝ ըստ Vodka-Top 20 Brands Worldwide և IWSR Drinks Record վարկանիշների։
- 2019 թվականին ընկերությունը զբաղեցրել է աշխարհում երրորդ տեղը «Duty Free և Travel Retail» վաճառքի ոլորտում վաճառքի ծավալներով՝ ըստ IWSR-ի «TOP 100 Spirits Brands in Travel Retail» վարկանիշի։
- 2020 թվականին «Nemiroff»-ը ստացել է 7 մեդալ «London Spirits Competition» մրցույթում։
- 2021 թվականին «Nemiroff»-ը ճանաչվել է որպես ամենաարագ զարգացող միջազգային ալկոհոլային ապրանքանիշ՝ ըստ «IWSR» տարեկան զեկույցի արդյունքների։
- 2021 թվականին «Nemiroff The Inked Collection Burning Pear» շարքի օղին ճանաչվել է որպես աշխարհի լավագույն օղին «Spirits Masters» մրցույթում։ Այն ստացել է «Համտեսի վարպետ» մեդալը։
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Nemiroff» հոդվածին։
