Քևին Սփեյսի Ֆոուլեր (անգլ.՝ Kevin Spacey Fowler, հուլիսի 26, 1959, South Orange, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ։
Սփեյսին իր դերասանական կարիերան սկսել է թատրոնում։ Առավել հայտնի ֆիլմերն են «Յոթը» (1995), «Կասկածելի դեմքերը» (1995), «Վճարիր ուրիշին», «Քեյ-Փեքսը» (2001), «Գեղեցկություն ամերիկյան ձևով» (1999), «Դեյվիդ Գեյլի կյանքը» (2003), «Սուպերմենի վերադարձը» (2006), «Փոքրիկը վարելիս» (2017)։ Հայտնի է նաև իր կերպարը «Խաղաթղթե տնակ» հեռուստասերիալում։
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է՝ երկու «Օսկար» (1996, 2000), BAFTA (2000), «Ոսկե գլոբուս» (2015), «Թոնի» (1991)։ Առաջադրվել է 12 Պրայմ թայմ «Էմմի» և «Գրեմմի» (2006) մրցանակների։ Արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի և շնորհվել պատվավոր կոմանդորի (2010), ասպետ-կոմանդորի (2015) կոչումները։
2004-2015 թվականներին եղել է բրիտանական ամենահեղինակավոր և ամենահին թատրոններից մեկի՝ «Օլդ Վիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որտեղ ղեկավար պաշտոնից զատ հանդիսացել է առանցքային արտիստներից մեկը։
Վաղ տարիներ
Քևին Սփեյսի ծնվել է 1959 թվականի հուլիսի 26-ին Ամերիկայի Նյու Ջերսի նահանգի Սաութ Օրինջ քաղաքում։ Նրա հայրը՝ Թոմաս Ջեֆֆրի Ֆաուլերը (1924-1992), տեխնիկական գրող է, իսկ մայրը՝ Քեթլին Էնն Նատսոնը (1931-2003)՝ քարտուղարուհի և տնային տնտեսուհի։ Քևինը մեծացել է իր ավագ եղբոր՝ Ռենդիի, և ավագ քրոջ՝ Ջուլիի հետ։ Քևինի ընտանիքը բազմիցս փոխել է բնակության վայրը․ քանզի հայրը հաճախ էր փոխում իր աշխատանքը։
Քննադատություն, արձագանքներ և ազդեցություն
Բրիտանական Empire ամսագիրը Քևինին ճանաչել է որպես 90-ականների լավագույն դերասան և դասել «Բոլոր ժամանակների 100 կինոաստղեր» ցուցակի 56-րդ հորիզոնականին։ Բացի այդ, Սփեյսին Telegraph ամսագրի կողմից ներառվել է «Բրիտանական մշակույթի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակի մեջ։ Իտալացի ռեփեր Կապարեցցան (իտալ.՝ Caparezza) 2011 թվականի մարտին հայտնի ամերիկացի դերասանների համար թողարկել է մի երգ, որն անվանել է «Քևին Սփեյսի»։
Քննադատները իրենց արձագանքներում Սփեյսիին անվանում են «դերասանական արվեստի վարպետ», «Էլեկտրականացնող», «բարձրակարգ», «ականավոր», «անխնա զվարճալի»։ 1996 թվականին Քևին Սփեյսին ստացել է իր առաջին «Օսկար»-ը «Կասկածելի դեմքերը» ֆիլմի համար՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։ Ընդամենը 4 տարի անց նա նկարահանվել է «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում, որտեղ նույնպես առաջադրվել և արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն դերասան» անվանակարգում։
Արտաքին հղումներ
- Դերասանը պետք է ծառայի սցենարին… սցենարիստը պետք է դերասան կերտի. հանդիպում Քևին Սփեյսիի հետ
- Քևին Սփեյսին՝ «Ոսկե ծիրան 2024»-ի պատվավոր հյուր
- Ինչ մեղադրանքներ են առաջադրվել Քևին Սփեյսիին և ինչպես է նա արդարացվել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Սփեյսի» հոդվածին։
