«Hey Jude», բրիտանական The Beatles խմբի երգը, որը գրվել է Փոլ ՄաքՔարթնիի և Ջոն Լենոնի կողմից։ Քվեարկության արդյունքում երգը ճանաչվել է բրիտանացիների կողից ամենասիրվածը The Beatles-ի երգերից։ Բառերը գրել է ՄաքՔարթնին, մխիթարելու համար Ջոնի Լենոնի որդուն՝ Ջուլիան Լենոնին ծնողների ամուսնալուծության ժամանակ։
Ստեղծման պատմությունը
Փոլը գրել է այն 1968-ի հունիսին, երբ իր Աստոն Մարտինով գնում էր Ուեյբրիջ, որպեսզի հանդիպի Սինտիա Լենոնին և նրա որդուն։ Ճանապարհին նա սկսում է մտածել իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների և այն օրերի մասին, երբ նա Լենոնի հետ նրա տանն էր գրում երգեր։
Իմ տնից իրենց տուն մոտ մեկ ժամվա ճանապարհ էր։ Ես միշտ անջատում էի ռադիոն և վարելու ընթացքում փորձում էի երգ հորինել։ Ու ես սկսեցի երգել «Հեյ, Ջուլ (Ջուլիան), մի անհանգստացիր, վերցրու տխուր երգ և այն ավելի լավը դարձրու»։ Դրանք լավատեսական, հույսով լի խոսքեր էին Ջուլիանի համար. «Այո՛, ընկերս, քո ծնողները բաժանվել են։ Հասկանում եմ, թե ինչ ես դու զգում, բայց ժամանակի հետ ամեն ինչ ավելի հեշտ կդառնա»։Ի վերջո ես «Ջուլ»-ը փոխարինեցի «Ջուդ»-ով։ «Օկլահոմայի» հերոսներից մեկի անունը Ջուդ էր, և ինձ դուր էր գալիս այդ անունը։
Երբ ես ավարտեցի երգը, երգեցի Ջոնի համար, սակայն կարծում էի, որ նրա վրա դեռ պետք է աշխատել։ Այնտեղ կար այսպիսի տող. «the movement you need is on your shoulder»: Ես նայեցի Ջոնին ու ասացի. «Այս հատվածը ես պատրաստվում եմ ուղղել»։ Ջոնն ասաց. «Ինչու՞»: «shoulders բառը արդեն եղել է տեքստում։ Եվ հետո, հիմար արտահայտություն է, ես կրկնում եմ այն թութակի պես։ Ես կփոխեմ այն»։ Բայց Լենոնը պատասխանում է. «Չփորձվե՛ս։ Դա լավագույն տողն է երգում։ ես հասկանում եմ, թե ինչ ես դու ուզում ասել, և դա հիանալի է»։ Ահա թե ինչով է ինձ դուր գալիս Ջոնը. ամեն անգամ, երբ ես ուզում էի դեն նետել որևէ տող, նա ասում էր, որ հենց դա է ամենալավը։ Ես նայեցի այդ տողերին Ջոնի աչքերով։ Եվ հիմա, երբ կատարում եմ այդ երգը, այդ տողերի ժամանակ հիշում եմ Ջոնին և տխրում եմ։- Փոլ ՄաքՔարթնի, Բիթլզի Անթոլոգիա
Երգի ձայնագրությունը
The Beatles-ի անդամները սկսել են աշխատել «Hey Jude»-ի վրա 1968 թվականի հուլիսի 29-ին։ Փոլ ՄաքՔարթնին երգում էր և նվագում դաշնամուր, Ջոն Լենոնը՝ ակուստիկ կիթառ, Ջորջ Հարիսոնը՝ էլեկտրակիթառ, իսկ Ռինգո Սթարը՝ հարվածային գործիքներ։ Նրանք ձայնագրում են վեց դուբլ, որոնք բոլորն էլ ավելի կարճ էին վերջնական տարբերակից։ Այդ վեցից մեկը կարելի է լսել «Anthology 3» ալբոմում։
Հուլիսի 30-ին The Beatles-ը «Թրիդենթ» ստուդիայում չորս դուբլ է ձայնագրում, իսկ հաջորդ օրը ավարտում է ձայնագրությունը։ ՄաքՔարթնին ավելացնում է բաս և վոկալ, The Beatles-ի մյուս անդամները երգում են բեք վոկալ։ Այնուհետև 36 գործիքից բաղկացած նվագախումբը երկար վերջերգ է նվագում։ Դասական երաժիշտներին առաջարկում են կրկնակի վճարել, եթե նրանք ծափ տան և երգեն «նա-նա-նա-նա»։ Բոլորը երջանիկ էին մասնակցություն ունենալու, առավել ևս կրկնակի վճարի համար, սակայն գտնվում է մի դժգոհ անձ, ով լքում է ստուդիան այս խոսքերով. «Ես չեմ պատրաստվում ծափ տալ և երգել ՄաքՔարթնիի այս հիմար երգը։»
Մենք ձայնագրեցինք «Hey Jude»-ը «Trident» ստուդիայում։ Այն երկար երգ էր։ Հաշվի առնելով նրա տևողությունը, ես ասացի. «Չի կարելի ձայնագրել այսքան երկար սինգլ»։ Բայց տղաներն ինչպես միշտ հարձակվեցին վրաս, և Ջոնը հարցրեց. «Ինչու՞»: Ես չգտա արժանի պատասխան և ասացի առաջինը, որ մտքիս եկավ. «Դիսկ ջոկեյները չեն կարող նվագել այս սկավառակը»։ Իսկ Ջոնն ասաց. «Կանեն, քանի որ այն մերն է»։
Եվ նա, իհարկե, միանգամայն ճիշտ էր։
Չնայած այդ ժամանակ The Beatles-ը արդեն դադարել էր համերգային գործունեությունը, և «Hey Jude»-ը երբեք կենդանի չի կատարել, այդ երգի հանդիսավոր ավարտը կատարյալ էր հանրային կատարման համար, և Փոլ ՄաքՔարթնին ավելի ուշ այն դարձնում է իր շոուների հիմնական համարը։
Հիթ-շքերթներ
| Հիթ-շքերթ (1968-69) | Ամենաբարձր դիրք |
|---|---|
| Ավստրալիա (Kent Music Report) | 1 |
| Ավստրալիա (Go-Set National Top 40) | 1 |
| Ավստրիա (Ö3 Austria Top 40) | 1 |
| Բելգիա (Ultratop 50) | 1 |
| Կանադա (CHUM) | 1 |
| Կանադա (RPM) | 1 |
| Դանիա | 1 |
| Ֆինլանդիա | 2 |
| ֆրանսիա (SNEP) | 1 |
| Գերմանիա (Media Control Charts) | 1 |
| Իռլանդիա (IRMA) | 1 |
| Իտալիա (FIMI) | 4 |
| Ճապոնիա (Oricon International Chart) | 1 |
| Ճապոնիա (Oricon Singles Chart) | 5 |
| Նիդերլանդներ (Dutch Top 40) | 1 |
| Նիդերլանդներ (Single Top 100) | 1 |
| Նոր Զելանդիա (RIANZ) | 1 |
| Նորվեգիա (VG-lista) | 1 |
| Լեհաստան | 2 |
| Իսպանիա (AFE) | 1 |
| Շվեդիա | 1 |
| Շվեյցարիա (Schweizer Hitparade) | 1 |
| UK Singles Chart | 1 |
| ԱՄՆ (Billboard Hot 100) | 1 |
| ԱՄՆ (Cash Box) | 1 |
| ԱՄՆ (Record World) | 1 |
| Հարավսլավիա (Džuboks) | 1 |
Հետաքրքիր փաստեր
- Փոլ ՄաքՔարթնին երգը կատարել է 2012-ի Ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Լոնդոնում։
- «Hey Jude»-ը հիշատակվում է Սթիվեն Քինգի «Հրաձիգը» վեպում։
- Երկրորդ րոպեի 58-րդ վայրկյանին կարելի է լսել Փոլ ՄաքՔարթնիի «Oh! F*cking hell!» բառերը, որոնք ասվել են սխալ նվագած ակորդի պատճառով։ Երգը ցանկանում էին կրկին ձայնագրել, սակայն Ջոն Լենոնը պնդում է, որ այդ խոսքերը պարզապես խլացվեն։
- Այս երգի պատվին է դրվել դերասան Ջուդ Լոուի անունը։
- Երգի անունն է ստացել բրիտանական «Takin over the Asylum» սերիալի սերիաներից մեկը։
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hey Jude» հոդվածին։
