Ռիկարդո Վալդես Վալենթայն կրտսեր (անգլ.՝ Ricardo Valdez Valentine Jr., հունիսի 24, 1992, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), առավել հայտնի որպես 6lack (բլեք), ամերիկացի R&B ոճի երգիչ, ռեփեր և երգերի հեղինակ։ Ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում և մեծացել Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Նա ճանաչում է ձեռք բերել 2016 թվականին թողարկված «Prblms» սինգլի շնորհիվ, որը դարձել է նրա առաջին մուտքը Billboard Hot 100 հիթ շքերթ։ Պայմանագիր է կնքել Love Renaissance-ի հետ, որը Interscope Records-ի ճյուղ է, և թողարկել իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Free 6lack» (2016 թվական): Ալբոմը առաջադրվել է 60-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ» անվանակարգում և ստացել պլատինե սերտիֆիկատ «Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի» (RIAA) կողմից։
Երկու տարի անց՝ 2018 թվականին, թողարկել է իր երկրորդ՝ «East Atlanta Love Letter» ստուդիական ալբոմը, որը հաջողության է հասել՝ զբաղեցնելով Billboard 200-ի երրորդ հորիզոնականը։ Նույն թվականին թողարկել է «OTW» սինգլը (Քալիդի և Ty Dolla Sign-ի հետ համատեղ) և Նորմանիի «Waves» սինգլում մասնկացություն է ունեցել, որը MTV Video Music Award-ում վերջինիս մրցանակի արժանացրել։ 2020 թվականի հունիսին նա թողարկել է իր դեբյուտային մինի ալբոմը (EP)՝ «6pc Hot»-ը, որի կազմում ընդգրկված էր «Know My Rights» սինգլը՝ Լիլ Բեյբիի մասնակցությամբ։ Նույն տարում նա հանդես է եկել Gorillaz-ի «The Pink Phantom» սինգլում՝ Էլթոն Ջոնի հետ միասին։ 2021 թվականին նրա «Calling My Phone» սինգլը (Lil Tjay-ի հետ համատեղ) զբաղեցրել է Billboard Hot 100-ի երրորդ հորիզոնականը, իսկ Canadian Hot 100-ում հասել՝ առաջին հորիզոնական։ Այն մնում է նրա ամենաբարձր հորիզոնականը՝ Billboard Hot 100-ում։ 6lack-ի երրորդ՝ «Since I Have a Lover» (2023) ալբոմը, արժանացել է համեմատաբար մեղմ քննադատության և կոմերցիոն ընդունելության։
6lack-ը միացել է Ատլանտա-Բալթիմորից ի հայտ եկած երաժշտական Spillage Village կոլեկտիվին, որը հիմնադրվել է 2014 թվականին՝ ամերիկյան EarthGang հիփ-հոփ խմբի և ռեփեր JID-ի կողմից։ Նա առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի երեք անվանակարգի։
Վաղ տարիներ
Ռիկարդո Վալդես Վալենթայն կրտսերը ծնվել է 1992 թվականի հունիսի 24-ին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, և 1997 թվականին տեղափոխվել է Ատլանտա, Ջորջիա իր ծնողների հետ։ Նա սովորել է Stone Mountain High School և Newton High School դպրոցներում: Վերջինս ընտանիքի ավագ զավակն է։ Վալենթայնի առաջին ձայնագրության փորձը տեղի է ունեցել 4 տարեկան հասակում՝ իր հոր ստուդիոյում։ Նա սկսել է ռեփ կարդալ միջնակարգ դպրոցում որպես բաթլ ռեփեր (battle rap) և մասնակցել է բազմաթիվ ֆրիյսթայլ բաթլների երիտասարդ տարիքում, այդ թվում՝ ռեփեր Յանգ Թագի դեմ։
Կարիերա
2011-2017 թվականներ: Կարիերայի սկիզբ և «Free 6lack»
6lack-ը 2011 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել Flo Rida-ի International Music Group և Strong Arm Records ընկերությունների հետ։ Ստորագրելուց հետո նա լքել է Վալդոստայի պետական համալսարանը և հաջորդ մի քանի տարին անցկացրել ոլորտն ուսումնասիրելով։ 6lack-ը հինգ տարի է անցկացրել լեյբլի հետ՝ երաժշտություն տեղադրելով SoundCloud-ի իր էջում։ 6lack-ը ֆինանսապես ապահովված չէր և Մայամի, Ֆլորիդա տեղափոխվելուց հետո իր ժամանակի մեծ մասը անցկացնում էր ստուդիայում կամ փողոցում քնելով՝ երաժշտական լեյբլի հետ աշխատելու համար։ Ի վերջո, 6lack-ը լքել է լեյբլը՝ ստեղծագործական ազատության և ղեկավարության հետ կապված տարաձայնությունների պատճառով: 2015 թվականին 6lack-ը հայտարարել է, որ միացել է «Spillage Village» երաժշտական կոլեկտիվին՝ ապրելով «EarthGang» խմբի անդամների հետ։ Նույն թվականին նա մասնակցել է «Spillage Village»-ի «Bears Like This Too» մինի ալբոմի չորս երգերի ստեղծմանը։
Լեյբլը լքելուց հետո 6lack-ը պայմանագիր է կնքել Love Renaissance-ի և Interscope Records-ի հետ։ 2016 թվականի նոյեմբերին Rolling Stone ամսագիրը 6lack-ին ընդգրկել է «10 նոր արտիստներ, որոնց պետք է ճանաչեք» ցուցակում։ Այնուհետև թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Free 6lack»-ը, որը հասել է Billboard 200-ի 34-րդ հորիզոնականին։ Ալբոմի սինգլը՝ «Prblms»-ը, հասել է Billboard Hot 100-ի 73-րդ հորիզոնականին և նրան բերել է իր առաջին պլատինե ռեկորդ (platinum record) մրցանակը։ 2017 թվականի ապրիլին նա միացել է կանադացի երգիչ The Weeknd-ին, վերջինիս Հյուսիսային Ամերիկայում կայանալիք Legend of the Fall տուրին՝ որպես բացման կատարող։
2018-ներկա: East Atlanta Love Letter, 6pc Hot, և Since I Have a Lover
2018 թվականի ապրիլին նա թողարկել է «OTW» սինգլը՝ Քալիդի և Ty Dolla Sign-ի մասնակցությամբ, որը զբաղեցրել է Billboard Hot 100-ի 57-րդ հորիզոնականը։ «OTW»-ն դարձել է արտիստի ամենաբարձր հորիզոնականը Hot 100 չարթում։ Նրա երկրորդ ալբոմի առաջին սինգլը՝ «Switch»-ը թողարկվել է 2018 թվականի հունիսի 22-ին, իսկ երաժշտական տեսահոլովակը հրապարակվել՝ հուլիսի 16-ին։ «Nonchalant»-ը որպես ալբոմի երկրորդ սինգլ և նաև տեսահոլովակ լույս են տեսել նույն օրը՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին։ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին 6lack-ը թողարկել է իր երկրորդ ստուդիական ալբոմը՝ «East Atlanta Love Letter»-ը, որտեղ մասնակցություն են ունեցել Future-ը, Ջեյ Քոուլը, Օֆսեթը և Քալիդը։ Ալբոմի թողարկմանը նախորդել են «Switch» և «Nonchalant» սինգլները։ 2018 թվականի հոկտեմբերին 6lack-ը սկսել է շրջագայություն ալբոմի տարածման համար, բացմանը ելույթ են ունեցել THEY.-ը, Tierra Whack-ը, Boogie-ը, Deante' Hitchcock-ը, Summer Walker-ը, և Ari Lennox-ը։ Ավելի ուշ մասնակցել է մի քանի այլ երգերի, օրինակ՝ Նորմանիի «Waves»-ում, ինչպես նաև Սելենա Գոմեսի «Crowded Room» երգում՝ 2019 թվականին և 2020 թվականի սկզբին։ 2020 թվականի մայիսին 6lack-ը թողարկել է «ATL Freestyle» երգը։ Մի քանի շաբաթ անց, հունիսի 24-ին՝ իր ծննդյան օրը, ներկայացրել է «Float» սինգլը։ Նա նաև հայտարարել է իր 6pc Hot EP-ի մասին, որը թողարկվել է հունիսի 26-ին և ներառում էր Լիլ Բեյբիի մասնակցությամբ «Know My Rights» սինգլը։ 2020 թվականի սեպտեմբերին 6lack-ը հանդես է եկել Spillage Village-ի Spilligion ալբոմի երկու երգերում։ 2020 թվականին նա համագործակցել է բրիտանական Gorillaz վիրտուալ խմբի և երգիչ-երգահան Էլթոն Ջոնի հետ՝ «The Pink Phantom» երգում, որը ներառվել է խմբի յոթերորդ «Song Machine, Season One: Strange Timez» ստուդիական ալբոմում։
2021 թվականին 6lack-ը թողարկել է «Calling My Phone» երգը Bronx-ի ռեփեր Lil Tjay-ի հետ։ 2022 թվականին վերջինս հանդես է եկել կանադացի երգիչ-երգահան Ջեսի Ռեյեսի «Yessie» ալբոմում՝ «Forever» երգում և դրա տեսահոլովակում։
2023 թվականի մարտի 24-ին 6lack-ը թողարկել է իր «Since I Have a Lover» ալբոմը։ 19 երգից կազմված ալբոմում հանդես են եկել նաև QUIN-ը, Wale-ը և Դոն Թոլիվերը։ Ալբոմը առաջադրվել էր Գրեմմի մրցանակի՝ «լավագույն պրոգրեսիվ R&B ալբոմ» անվանակարգում։ Complex-ին տված հարցազրույցում արտիստր նշել է, որ ալբոմի անվանումը պատասխան է մարդկանց կողմից հաճախ հնչող այնպիսի հարցերին, ինչպիսիք են «Որտե՞ղ ես եղել, ի՞նչ էիր անում և ո՞րն էր քո մոտիվացիան»։ 2024 թվականի մարտի 22-ին թողարկել է իր ակուստիկ նախագիծը «No More Lonely Nights»-ը։ Այն ներառում է 6 երգ՝ իր «Since I Have a Lover» ալբոմից։
Ստեղծագործականություն
6lack-ի երաժշտությունը հիմնականում հիմնված է անձնական և բիզնես հարաբերությունների վրա, հատկապես՝ «կոտրված սրտի» թեմայի շուրջ։ Նա նշել է, որ իր երգերի տեքստերը հիմնականում ոգեշնչված են իր անձնական փորձառություններից և անհաջող հարաբերություններից: Billboard ամսագիրը նկարագրել է 6lack-ի երաժշտությունը որպես «մռայլ հիփ հոփ», որը «ընդգծում է խոցելիությունն ու անկեղծությունը այնպիսի ձևով, որ էմոջիի (emoji) սերունդը կարողանա հեշտությամբ ընկալել»։ Արտիստը որպես իր ներշնչանքի աղբյուր նշել է Շադեին, Թի Փեյնին, The-Dream-ին և Աշերին։
Սկավառակագրություն
- Free 6lack (2016 թվական)
- East Atlanta Love Letter (2018 թվական)
- Since I Have a Lover (2023 թվական)
Տուրեր
Առաջնային
- Free 6lack Tour (2017 թվական)
- From East Atlanta with Love Tour (2018 թվական)
- Since I Have a Lover Tour (2023 թվական)
Մասնակցություն
- Starboy: Legend of the Fall Tour (The Weeknd-ի հետ) (2017 թվական)
- Heartbreak on a Full Moon Tour (Քրիս Բրաուն-ի հետ) (2018 թվական)
- It Was You All Along Tour (Ռաս-ի հետ) (2024 թվական)
Պարգևներ և անվանակարգեր
| Տարի | Պարգև | կատեգորիա | Թեկնածու / աշխատանք | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2017 | Սոուլ Թրեյն երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն նոր արտիստ | Ինքը | Առաջադրված |
| 2018 | Գրեմմի | Լավագույն քաղաքային համակից ալբոմ | Free 6lack | Առաջադրված |
| Լավագույն ռեփ/երգված կատարում | «Prblms» | Առաջադրված | ||
| iHeartRadio երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն նոր R&B արտիստ | Ինքը | Առաջադրված | |
| Սոուլ Թրեյն երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն համագործակցություն | «OTW» (Khalid-ի և Ty Dolla Sign) | Առաջադրված | |
| 2019 | Գրեմմի | Լավագույն ռեփ/երգված կատարում | Pretty Little Fears (J. Cole-ի հետ) | Առաջադրված |
| MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն | Լավագույն R&B տեսահոլովակ | «Waves» (Normani-ի հետ) | Հաղթանակ | |
| 2024 | Գրեմմի | Լավագույն պրոգրեսիվ R&B ալբոմ | Since I Have a Lover | Առաջադրված |
Արտաքին հղումներ
- 6lack AllMusic կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «6lack» հոդվածին։
