factograf
HY

Սպունգներ

Սպունգներ

Key facts

հասկացության մասնավոր դեպքտաքսոն
միջազգային գիտական անվանումPorifera
նկարագրվում է աղբյուրներում«Օտտո» գիտական հանրագիտարան

(Սպունգներ (լատիներեն՝ Porifera կամ Spongia), բազմաբջիջ անողնաշարավոր կենդանիների պարզագույն տիպ է։ Ներկայումս հայտնի է սպունգների շուրջ 5000 տեսակ՝ տարածված գլխավորապես ծովերում և օվկիանոսներում։ Ունի 4 դաս՝ կրային սպունգներ, կորալյան սպունգներ, ապակյա սպունգներ և սովորական սպունգներ։ Մարմնի բարձրությունը մի քանի մմ-ից մինչև 1.5 մ է։ Ջրային, նստակյաց կենսակերպի կենդանիներ են։)

Տիպիկ սպունգները ունեն գլանի կամ գավաթի ձև։ Մակերևույթին կան բազմաթիվ ծակոտիկներ, որոնք հաղորդակցվում են մարմնի պատերում գտնվող խողովակների հետ։ Իսկական հյուսվածքներ և օրգաններ չունեն։ Երկշերտ են։ Բջիջների արտաքին շերտը կազմված է տափակ էպիթելից, ներքինը՝ հատուկ մտրակաօձիքավոր (խոանոցիտներ) բջիջներից։ Ներքին շերտում կան նաև բջիջներ, որոնք կարողանում են կեղծ ոտիկների միջոցով որսալ օրգանական մնացորդներն ու մարսել։ Շերտերի միջև գտնվում է դոնդողանման, ոչ բջջային մեզոգլեան։

Համարյա բոլոր սպունգները ունեն սիլիկահողային, կրային ասեղներից կամ սպիտակուցային թելիկներից կազմված կմախքային գոյացություններ։ Խոանոցիտների մտրակների համաձայնեցված շարժումների շնորհիվ ջուրը մտնում է սպունգների ծակոտկիները և անցնելով խողովակների համակարգով դուրս է գալիս։ Ջրի հետ թափանցում են սննդի մասնիկները (դետրիտ, նախակենդանիներ, բակտերիաներ և այլն) և դուրս գալիս նյութափոխանակության արգասիքները։

Սպունգները նյարդային բջիջներ չունեն և արտաքին գրգիռներին թույլ են արձագանքում։ Սպունգների մեծամասնությունը ապրում է գաղութներով։ Բողբոջման հետևանքով առաջացած օրգանիզմները սովորաբար չեն անջատվում և աստիճանաբար գոյանում են մեծ քանակությամբ անհատներից կազմված, տարբեր ձևի խոշոր գաղութներ։

Սովորաբար հերմաֆրոդիտ են։ Բազմանում են սեռական և անսեռ եղանակներով։ Գործնական նշանակությունը չնչին է։ Որոշ տեսակներ օգտագործվում են տեխնիկական, բժշկական և կոսմետիկական նպատակներով։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպունգներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպունգներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 83)։

Read next

In 104 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article