Սիչի-գո-սան (ճապ.՝ 七五三, բառացի՝ «յոթ-հինգ-երեք»), ավանդական տոն և փառատոն Ճապոնիայում, որն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 15-ին (ցուրտ Հոկայդոյում՝ մեկ ամիս շուտ՝ հոկտեմբերի 15-ին)։ Այս օրը հինգ և երեք տարեկան տղաներին և յոթ և երեք տարեկան աղջիկներին հագցնում են տոնական հագուստ և բերում սինտոյական սրբավայրեր:
Սա ազգային տոն չէ, ուստի ճապոնացիները սովորաբար նշում են այն նոյեմբերի 15-ին հաջորդող հանգստյան օրերին: Նաև Ճապոնիայի որոշ շրջաններում ծեսը պարտադիր չէ երեք տարեկան տղաների համար։
Տարիքի հաշվարկման առանձնահատկություններ
Կարևոր է հաշվի առնել, որ ավանդական ճապոնական օրացույցով տարիքի սահմանումը տարբերվում է Արևմուտքում ընդունվածից։ Այս թվերից արևմտյան տարիք ստանալու համար, որպես կանոն, պետք է հանել նեկ տարի, քանի որ ըստ տարիքի որոշման ճապոնական ավանդական համակարգի՝ Կազոեդոշիի, հղիության շրջանը հաշվվում է նորածնի կյանքի մեկ տարի: Այսպիսով, տոնն անցկացվում է այն երեխաների համար, ովքեր փաստացի 2, 4 և 6 տարեկան են։ Ներկայումս տարածված է նաև մանենրեի տարիքի (ծննդյան ամսաթվից) հաշվարկման համակարգը, որով տարիքի հաշվվումը համապատասխանեցնում է արևմտյան ավանդույթին։
Պատմություն

Տոնը ծագել է Հեիանի ժամանակաշրջանում և նշվել է ազնվական ընտանիքներում, երբ նրանց երեխաները հասնում էին պատանեկության տարիքի: Երեք, հինգ և յոթ թվերը, լինելով կենտ թվեր, ճապոնական թվային նշանակության համաձայն համարվում են հաջողակ։ Տոնակատարության ամսաթիվը (նոյեմբերի 15) նշանակվել է Կամակուրայի (鎌倉) ժամանակաշրջանում (1185-1333):
Տոնի առաջացումը պայմանավորված էր այն ժամանակվա Ճապոնիայում մանկական մահացության բարձր մակարդակով։ Հետևաբար, հատկապես նշվել են կարևոր կրիտիկական շրջանները, որոնցից հետո երեխայի գոյատևման և հասուն տարիքի հասնելու հավանականությունը բարձր է: Մինչև յոթ տարեկանը երեխան չի համարվում ամբողջությամբ ողջերի աշխարհին պատկանող, ինչն արտացոլված է ավանդական «Մինչև յոթ տարեկանը կամի (աստվածների) շարքում է» ավանդական արտահայտության մեջ։
Ժամանակի ընթացքում տոնակատարության ավանդույթը փոխանցվել է սամուրայներին, ովքեր ավելացրել են մի քանի նոր ծեսեր: Երեք տարեկանից փոքր երեխաները, սովորության համաձայն, պետք է լինեին միայն մաքուր սափրված գլխով։ Հինգ տարեկան տղաներն առաջին անգամ ըստ դերի և պարտականության հագուստ են հագնում` հակամա և հաորի, իսկ յոթ տարեկան աղջիկներն իրենց կիմոնոյին ավանդական լայն գոտի (օբի) էին կապում նախկինում կրած պարանի փոխարեն: Մեյջիի ժամանակաշրջանում տոնակատարությունն ընդունվել է հասարակ մարդկանց կողմից, որը ներառում էր տաճար այցելել՝ վատ տրամադրությունից ազատվելու և երկար կյանք և առողջություն խնդրելու համար:
Ներկայումս
Ավանդույթը քիչ է փոխվել Մեյջի ժամանակաշրջանից ի վեր: Երեխաներն այժմ ստիպված չեն լինում ճաղատանալ մինչև այս տարիքը, սակայն Սիչի-գո-սանի օրը ավանդական է դիմահարդարումը և մազերը հարդարելը: Երեք տարեկան աղջիկներն այժմ կիմոնոյի հետ միասին կրում են հիֆու (մի տեսակ ժիլետ): Նաև երբեմն երեխաները պաշտոնական հագնվում են արևմտյան ոճին համապատասխան: Լուսանկարչական տեխնոլոգիաների զարգացմամբ այս օրն այժմ հայտնի է որպես երեխաներին լուսանկարելու օր:
Տոնական ատրիբուտներ պատրաստելը երկու անգամ՝ երկուսից չորս տարի ընդմիջումով, ծնողների համար բավականին թանկ և ծանր է: Այսպիսով, արարողության համար նախատեսված մանկական հագուստի արժեքը 2008 թվականի գներով հասել է մոտ 100 հազար իենի, ուստի հիմնականում վարձով են տրվում բոլոր անհրաժեշտ պարագաները, ինչը թույլ է տալիս ընդհանուր արժեքը կրճատել մինչև 50 հազար իեն:
Սա երեխայի հասունացման շատ կարևոր փուլ է. այն երեխային հասցնում է «փոքրիկ տղամարդ» («փոքրիկ կին») կարգավիճակի:
Խոհարարական առանձնահատկություններ
Այս տոնին երեխաներին տալի են չիտոսե ամէ (ճապ.՝ 千歳飴, բառացի` «հազարամյա կոնֆետներ»): Դրանք երկար, բարակ կարմիր և սպիտակ կոնֆետներ են, որոնք խորհրդանշում են առողջ աճ և երկար կյանք։ Քաղցրավենիքի թղթե փաթեթավորման վրա պատկերված են ցուրու-կամե ՝ բառացիորեն «կռունկ և կրիա» (համապատասխանաբար երկարակեցության և իմաստության խորհրդանիշներ) և շոտիկուբայ ՝ «սոճի, բամբուկ և սալոր» (առողջության և տոկունության խորհրդանիշներ): Կոնֆետը փաթաթված է բարակ, թափանցիկ և ուտելի բրնձի թղթի թաղանթով, որը նման է պլաստիկի: Այս քաղցրավենիքը շատ են սիրում ճապոնացի երեխաները։
Այս օրվա տնային սեղանի առանձնահատկություններն են՝ սեքիհան ուտեստը, որը կազմված է բրնձից և աձուկի (Adzuki) կոչվող լոբազգիից, և ամբողջական տապակած ձուկը:
Արտաքին հղումներ
- Shichi-go-san(չաշխատող հղում) komi.com-ում (լուսանկարներով)
- Սիչիգոսան(անգլերեն) Սինտոյական հանրագիտարան կայքում
- Սիչի-գո-սան(անգլերեն) GoJapanGo կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիչի-Գո-Սան» հոդվածին։
