Կոմբիատուր (ռուս.՝ Коимбату́р կամ ռուս.՝ Коямпутту́р, թամիլերեն՝ கோயம்புத்தூர், անգլ.՝ Coimbatore), քաղաք Հնդկաստանի հարավում՝ Տամիլնադ նահանգում, հանդիսանում է համանուն շրջանի կենտրոնը։ Բնակչության քանակով երկրորդ քաղաքն է Տամիլնադ նահանգում և Հնդկաստանի 16 ագլոմերացիաներում։ Այն Հնդկաստանի երկրորդ էշելոնի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է և տեքստիլ արտադրության, արդյունաբերության, առևտրի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, կրթության ու առողջապահության կարևոր կենտրոն է Տամիլնադ նահանգում։ Քաղաքը եղել է Կանգու Նադու պետության մայրաքաղաքը և նրան հաճախ անվանում են հարավային Հնդկաստանի Մանչեստր։ Քաղաքը գտնվում է Նոյալ գետի ափին և շրջապատված է Արևմտյան Գաթեր լեռնաճյուղավորությունով։
Պատմություն
Կոիմբատուր տարածաշրջանը սանգամյան շրջանում կառավարվել է Չերա դինաստիայի անդամների կողմից և ծառայել է որպես Պալակկադյան անցումի արևելյան մուտք, հիմնական առևատրային ճանապարհ արևմտյան ափի և Տամիլնադի միջև։ Կոսսար ցեղը հիշատակվում է թամիլյան Սիլապպատհիկարամ էպոսում՝ մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում և սանգամայն գրականության այլ գործերում, որը կապված է Կոիմբատուր տարածաշրջանի (Կոնգու Նադու) հետ։ Կոիմբատուրի շրջակայքում գտնվել են մեծ թվով հռոմեական դրամներ և այլ արտեֆակտներ, որոնք հաստատում են տարածաշրջանի կապը Հին Հռոմի հետ։ Կոիմբատուրը գտնվել է հռոմեական Մուզիրասից Արիկամեդ տանող առևտրային ճանապարհի մեջտեղում։ 10- րդ դարում Չոլա միջնադարյան պետությունը գրավեց Կոնգու Նադուն։ 15- րդ դարում ժամանակակից Տամիլնադի նահանգի մեծ մասը անցավ Վիջանայարանայան կայսրության տիրապետության տակ։ Վիջանայարանայան կայսրությունը տարածաշրջան է գրավել Անդհրա-Պրադեշից և Կառնատակայից։ 17- րդ դարում Վիջանայարանայան կայսրության տապալումից հետո Մադուրայ Նոյակով դինաստիան հիմնեց անկախ թագավորություն։ Նայակները ներդրել են կառավարման պալայանակար համակարգը և Կոնգու Նադուն բաժանեց 24 մասերի։
18- րդ դարի երկրորդ կեսին Կոիմբատուր տարածաշրաջանը անցավ Մայսուր իշխանության տիրապետության տակ։ 1799 թվականին Անգլո - մայսուրական պատերազմից հետո Կոիմբատուրը անեքսիայի ենթարկվեց Բրիտանական արևելահնդկական ընկերությանկողմից և միացվեց Մադրասյան պետությանը։ Տարածաշրջանը ունեցել է ստրատեգիական դեր Պոլիգարյան պատերազմի ընթացքում (1801): 1865 թվականին Կոիմբատուրը դարձավ Կոիմբատուր շրջանի կենտրոնը, իսկ 1866 թվականին Կոիմբատուրը ստացավ համայնքի կարգավիճակ։ Տարածաշրջանի ինդուստրացումը սկսվել է 1888 թվականին և շարունակվել է 20- րդ դարի ընթացքում։ Տարածաշրջանը մեծ վնաս է կրել Մեծ սովի ընթացքում՝ 1876 -1878-ական թվականներին, որի արդյունքում տուժել է մոտ 200 000 մարդ։ 1900 թվականի փետրվարի 8 - ին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Կոիմբատուրում տուժել են շատ շինություններ։ 20 - րդ դարի մեկ երրորդում Կոիմբատուրում մոտավորապես 20 000 մարդ մահացել են ժանտախտից, որը առաջացման պատճառներից մեկը նաև խմելու ջրի պակասն էր։ 1920 - ական և 1930 - ական թվականներին քաղաքը ապրել է տեքստիլ «պայթյուն», որը տևել է մինչև Մումբայի բամբակի արդյունաբերության անկումը։ 1981 թվականին Կոիմբատուր քաղաքը ստացել է համայնքային կորպորացիայի կարգավիճակ։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
Կոիմբատուրը գտնվում է Տամիլնադ նահանգի արևմուտքում՝ Կերալա նահանգի սահմանին մոտ։ Քաղաքը շրջապատված է Արևմտյան Գաթեր լեռնաճյուղավորությունով հյուսիսում և արևմուտքում, քաղաքից հյուսիս գտնվում է Նիլգիրի կենսոլորտային արգելոցը։ Քաղաքի հարավային մասով անցնում է Նոիյալ գետը, բացի դրանից քաղաքի տարածքում կան մի քանի լճեր։ Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 411 մետր է։
Կլիմա
Կոիմբատուրը ունի հաճելի և առողջարար կլիմա։ Քաղաքի մոտ գտնվելը բուսականությամբ ծածկված անտառներին, Արևմտյան Գաթեր լեռնաճյուղավորություններին և զով քամին, որը փչում է Պալակկադյան անցումից, նույնիսկ շոգ եղանակը դարձնում են հաճելի։ Քաղաքի կլիման բնութագրվում է, որպես արևադարձային կլիմա չոր ձմեռներով և թաց ամառներով։ Անձրևային սեզոնները սկսվում են հոկտեմբերին և ավարտվում դեկտեմբերին։ Ամսվա ընթացքում միջին ջերմաստիճանը տատանվում է 24°С - ից 30°С - ի սահմաններում։ Տեղումների տարեկան միջին մակարդակը կազմում է մոտ 700մմ, դրանից 47 % - ը գալիս է հյուսիս - արևելյան մուսսոնների հետ (հոկտեմբեր - նոյեմբեր), 28 % - ը՝ հարավ - արևմտյան մուսսոնների հետ։ Ամենաբարձր երբևէ գրանցված ջերմաստիճանը՝ 41°С - ն է, իսկ ամենացածրը՝ 12°С - ը։
| Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կոիմբատուր | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
| բացարձակ առավելագույնը (°C) | 33 | 37 | 39 | 40 | 41 | 38 | 37 | 38 | 37 | 37 | 33 | 33 | 41 |
| միջին առավելագույնը (°C) | 30 | 32 | 35 | 35 | 34 | 31 | 30 | 31 | 32 | 31 | 29 | 29 | 31,6 |
| միջին նվազագույնը (°C) | 19 | 19 | 21 | 23 | 23 | 22 | 22 | 22 | 22 | 22 | 21 | 19 | 21,3 |
| բացարձակ նվազագույնը (°C) | 15 | 15 | 17 | 20 | 20 | 20 | 20 | 21 | 20 | 16 | 15 | 12 | 12 |
| տեղումների քանակը (մմ) | 14 | 12 | 19 | 53 | 76 | 38 | 57 | 42 | 56 | 153 | 123 | 50 | 693 |
| Աղբյուր՝ Indian Meteorological Department | |||||||||||||
Բնակչություն
2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմում է 930 882 մարդ, իսկ ագլոմերացիայում՝ 1 461 139 մարդ։ Տղամարդկանց բաժինը կազմում է 52 %, իսկ կանանց բաժինը 48 %։ Կրթության մակարդակը կազմում է 78 % (81 % տղամարդկանց համար, 74 % կանանց)։ Երեխաների թիվը մինչև 6 տարեկան, կազմում է 11 %։ Կոիմբատուր քաղաքի խտությունը կազմում է 9500 մարդ/կմ²։ Բնակչության հիմնական լեզուն կոնգու թամիլն է (Թամիլերենի բարբառ)։
Բնակչության դինամիկա
- 1951՝ 198 000 մարդ
- 1961՝ 286 000 մարդ
- 1971՝ 356 000 մարդ
- 1981՝ 704 000 մարդ
- 1991՝ 816 321 մարդ
- 2001՝ 930 882 մարդ
Տնտեսություն
Քաղաքի տնտեսության հիմքը տեքստիլ արդյունաբերությունն ու մեքենաշինությունն է։ Հնդկաստանում Կոիմբատուրը անվանում են «բամբակի քաղաք» կամ «հնդկական Մանչեստր»։ Տրիկոտաժի արտադրությամբ առաջատար համաշխարհային կենտրոններից մեկն է։ Մետաղների և ոսկերչական արտադրոււթյան ձեռնարկություն է։ Քաղաքի ՀԷԿ - ը Պայկարան է։ Քաղաքի արդյունաբերությանը դինամիկ կերպով շարունակում է զարգանալ։ Կոիմբատուրը մտնում է Հնդկաստանի զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ 10 քաղաքների մեջ։
Տրանսպորտ

Կոիմբատուրի միջազգային օդանավակայանը գտնվում է կենտրոնից մոտավորապես 17 կմ հեռավորության վրա՝ Պիլամեդու շրջանում։ Ընդունում է Հնդկաստանի տեղական խոշոր քաղաքների չվերթների մեծ մասը։ Միջազգային չվերթներից են Սինգապուր, Շարջու և այլ չվերթներ։ Քաղաքի միջով անցնում են
- № 47 մայրուղին՝ Սալեն - Կոիմբատուր - Կոչին - Տրիվանդրում - Կանյակումարի ուղղությամբ,
- № 67 մայրուղին՝ Նագապատտինամ - Կոիմբատուր - Գուդալուր ուղղությամբ,
- № 209 մայրուղին՝ Դինդուկկալ - Կոիմատուր - Բանգալոր ուղղությամբ։
Կրթություն

Կոիմբատուրը Հարավային Հնդկաստանի համալսարանային գլխավոր կենտրոններից մեկն է։ Քաղաքի ամենահին ԲՈՒՀ - ը՝ Տամիլնադի ագրարային համալսարանը, հիմնադրվել է 1868 թվականին։ Հնդկաստանում լայնորեն տարածված է նաև Կոիմբատուրյան տեխնոլոգիական համալսարանը։
Տեսարժան վայրեր
Նրա տեսարժան վայրերից կարելի է նշել՝ Պերուր հինդուիստական տաճարը, Կովայ Կուտրալամ ջրվեժները (քաղաքից 37 կմ հեռավորության վրա), Անամալայ կենսոլորտային արգելոցը (քաղաքից 90 կմ հեռավորության վրա)։
